➨ Հերոսներ

Այս էջում կան՝

Արաբո

Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 — 1893), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։

Ծնվել է Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ 1882-ին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը։ 1889-ից սկսած` քանիցս այցելել է Կովկաս, 1892-ին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴկուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ Գյալիսորի ձորում ընդհարվել է քրդերիհետ և զոհվել։

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, գ. Սոխորդ (Բիթլիս) –1899, նոյեմբերի 1, Գելիգուզան (Սասուն), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ կուսակցության անդամ:

Սերոբին են ձոնված «Գլուխդ՝ Բաղեշ, մարմինդ՝ Մուշ» և աշուղ Ֆահրատի «Ով որ քաջ է» երգերը:

Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թ-ին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել է 1917 թ-ին: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում էԱրևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թ.-ին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»` ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։

ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ

Ծնվ. 1870թ., գ. Մկթենք (Սասունի Փսանք գավառ):
Մահ. 27.05.1907թ., գ. Սուլուխ, թաղված է Մուշում:

Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ, ֆիդայի:

ՀՀԴ կուսակցության անդամ:

Սովորել է Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցում (1886-88):
1880-ական թթ. վերջին Տարոնում գործել է Արաբոյի՝ առաջին հայդուկային խմբում:
1890-94-ին համագործակցել է Համբարձում Պոյաճյանի (Մեծն Մուրափ և Միհրան Տամատյանի հետ: Մասնակցել է Սասունի 1891-94-ի ինքնապաշտպան, մարտերին (հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893-ի կռիվներում), ձերբակալվել ու արգելափակվել է Բիթլիսի, ապա՝ Մուշի բանտերում:
1896-ին փախչելով բանտից՝ ապաստանել է Սասունում, միացել Գուրգենին և Հրայրին:
Աղբյուր Սերոբի սպանությունից (1899) հետո կազմակերպել է մատնիչ Ավեի (1900), ապա (Անդրանիկի հետ)՝ Խալիլ Բեյի սպանությունը:
Նրա 1900-01-ին մղած կռիվները (Բերդակի, Նորշենի ևն) կարևոր տեղ են գրավում հայդուկային շարժման պատմության մեջ:
Գործուն մասնակցություն է ունեցել 1901-ի նոյեմբերին Առաքելոց վանքի կռվին,
1904-ի Սասունի ապստամբությանը:
Վերջինիս պարտությունից հետո անցել է Վան, սակայն Աղթամարի խորհրդակցությունից (1904-ի օգոստոս) հետո, որպես ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ, վերադարձել է Տարոն:
1906-07-ին գործել է Ռ. Տեր-Մինասյանի հետ:
Ապարդյուն ջանքեր է գործադրել հայ-քրդական համագործակցություն ստեղծելու համար:
ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇի մղած կռիվները (շուրջ 40) ընթացել են կազմակերպված և գրեթե միշտ ավարտվել հաղթանակով:
Զոհվել է Սուլուխի հայտնի կռվում:
Ժողովուրդը երգեր է հյուսել ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇի մասին:

Հրայր Դժոխք

Հրայր Դժոխք (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան, 1864 — 1904, ապրիլի 13), հայդուկապետ, Ազատագրական Շարժման խորհրդանիշներից ևՀՅ Դաշնակցության հիմնադիրներից։

Ծնվել է Սասունի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ 1891-94-ին` Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից, աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893)։ 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս` կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ (նրանց թվում` Անդրանիկ Օզանյանը և Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայաստան։ 1896-ին Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարնի բանտ. ազատվել է ընդհանուր ներմամբ։ Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1903-04-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904-ի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, բայց զոհվել է մարտում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում։ Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին։:

Սաքո Սևքարեցի

Սևքարեցի Սաքո, Անմեղ, Անմեղյան (Ծովանյան Սարգիս Սարիբեկի) (հունվարի 14, 1870 գ. Սևքար (ՀՀ Տավուշի մարզում) — նոյեմբերի 13, 1908), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ: Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը (1890 թ.-ին), Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի(Ռոստոմ) հետ համագործակցությունը: 1892 թ.-ին հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին, Դերիկի վանքում (որը հենակետ էր դեպի Երկիր ճանապարհին, մասնակցել քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ուղեկցել Պարսկաստանանցնող կամավորներին: Մասնակցել է 1897 թ.-ի Խանասորի արշավանքին(որպես հեծյալ խմբի հրամանատար): Հայդուկային գործունեության համար 1899 թ.-ին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան: Սակայն 1901 թ.-ին հանձնվել է ռուսական իշխանությունների դատին, որոնք նրան շուտով ազատ են արձակել: 1905 թ.-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակեպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը: 1907 թ.-ին մասնակցել է ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովին, որտեղ որոշվել է օգնել սկսված Իրանական հեղափոխությանը: Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն ճանապարհին հիվանդացել է խոլերայով և մահացել:

Համազասպ Սրվանձտյան

Վաղ հասակից ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ Եղել է ՀՅԴկուսակցության անդամ։ Խուսափելով թուրք իշխանությունների հետապնդումներից՝ հեռացել է Վանից, անցել Երևան, Շուշի։ Մասնակցել է 1905-06-ի հայ-թաթարական կռիվներին, 1906-ին կազմակերպել է Գանձակիհայության պաշտպանությունը թաթարական ոտնձգություններից։ 1908-ին, դաշնակցական գործիչների հետ, ձերբակալվել է ցարական կառավարության կողմից, դատապարտվել մահվան, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր)։ 1913-ին փախել է բանտից, անցել Եվրոպա, ապա Կ. Պոլիս։ 1914-ին Կարինում կայացած ՀՅԴկուսակցության 8-րդ ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության։

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է կամավորական 3-րդ գնդի հրամանատար։ Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի։ Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայբնակչության անվտանգ գաղթը։ Եղել է 1915-ի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորներից, կռվել է Բիթլիսի ուղղությամբ (հուլիսին), հոկտեմբերին՝ հաջող արշավանք ձեռնարկել Խիզան։ Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար (մինչև ռուսական զորքերի կողմից Կովկասյան ռազմաճակատը լքելը)։ 1918-ին կռվել է Բաքվի կոմունայի համար, Հայկական բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատարն էր, դրսևորել է ռազմավարի, հմուտ կազմակերպչի կարողություններ, և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրքական գերակշիռ ուժերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան։

Դրաստամատ Կանայան (Դրո)

Դրաստամատ Մարտիրոսի Կանայան (1884թ. Մայիսի 31, Իգդիր — 1956թ. Մարտի 8,Բոստոն), ազգային հերոս, Առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ), ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար(1920 թ.), Առաջին Հանրապետության հիմնադիրներից; Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար:Ծնվել է 1884թ.՝ այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում: Դրոյի հայրը՝ Մարտիրոս Կանայան, խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ և ժողովուրդի մեջ հարգանք վայելող մարդ էր: Իր մեծ տան մեջ հյուրերը անպակաս էին և հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ: Դրոն մեծանում է այս մթնոլորտում: Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զորանոցների շրջակայքում, որտեղ ընթացող զինվորական մարզանքները հափշտակում էին նրան: Վաղ տարիքում հայրը նրան տալիս է Իգդիրի (Սուրմալու) ծխական դպրոց: Սակայն Դրոն չի ցուցաբերում հետաքրքրություն գրքերի և սովորելու նկատմամբ: Դրոն փախչում էր դպրոցից Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու նպատակով, և նրա հետաքրքրությունները ռազմական արվեստի նկատմամբ գալիս է հենց այդտեղից: Մարտիրոս Կանայանը նրան հանում է գյուղական դպրոցից և տեղափոխում Երևան` գիմնազիա-դպրոց: Ոգեշնչված հայ ֆիդայինների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով` Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ: Երիտասարդ տարիքից անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն ձերբակալվել է, բայց շուտով ազատ է արձակվել: Հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակվել է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ, հայկական հարցի լուծման համար: Այնուհետև հաստատվել է հայաշատ Լիբանանում: Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ։

1956 թ մարտի 8-ին Բոստոնում ուժեղ փոթորիկ էր, ինչպես իր ծննդիան օրը հայրենի Իգդիրում ախ մեգել երգիրս տեսնեիբառերը շուրթերին ավարտվեց 50 և ավելի տարիներ տևած գործուն մի պատմություն որի վրա գրված էր երեք տառ ԴՐՈ:

Բոստոնում էլ մեծ զորավարին վայել ձևով մարմինը հողին է հանձնվել։ 2000 թվականի մայիսի 29-ին վերահուղարկավորվել է Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:

Վարդան Վարդապետ

Կրթություն է ստացել Նոր Գետիկի վանքում (աշակերտել է Մխիթար Գոշին), այնուհետև՝ Տավուշի Խորանաշատի վանքում՝Վանական Վարդապետի մոտ: Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն: Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39թթ, 1252–53թթ): 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել Հեթում Ա թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ: Մասնակցել է Սսի 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին: 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը: Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը ևՀռոմի պապի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը: 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել Հաղպատի և Ձագավանի եկեղեցական ժողովները, հիմնելՍաղմոսավանքի, Թեղենյաց մենաստանի, Աղջոց վանքի, Խոր Վիրապի, Հառիճի վանքի, Խորակերտի դպրոցները: Խոր վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Գևորգ Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը,Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին և ուրիշներ:

Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում: Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով:

Արշակ Գավաֆյան (Քեռի)

Քեռին(Արշակ Գավաֆյան) ծնվել է Կարինում 1858թ.: Ավարտել է տեղի հայկական դպրոցը: 1889թ. համագործակցել է Ունոի (Հարություն Տեր-Մարտիրոսյան) հետ: 1890թ. մասնակցել է Սարգիս Կուկունյանի արշավանքին: 1895թ. Կարինի կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում, պաշտպանել ժողովրդին և հոգևոր առաջնորդին: 1903թ. Հայդուկ Թորգոմի հեծյալ ջոկատի հետ անցել է Սասուն, մասնակցել 1904թ.-ի Սասունի ինքնապաշտպանությանը: 1905թ.Վասպուրականից անցնում է Արևելյան Հայաստան: Թուրք-թաթարական խռովությունների ժամանակ Քեռին եղել է Զանգեզուրիինքնապաշտպանության ղեկավարներից մեկը` կռվել հիմնականումԱնգեղակոթի հատվածում: Այնուհետև միացել է Եփրեմ Խանին, դարձել նրա օգնականը:Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին(1914-1918թթ.): Քեռին եղել է 4-րդ կամավորական ջոկատի հրամանատար, մասնակցել է 1915թ.-ի Սարիղամիշի գործողություններին:1916թ. Մոսուլ գնալու ճանապարհին` Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվում է: Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում: Քեռու աճյունն հանգչում է Թիֆլիսում:

Սարգիս Կուկունյան

Սարգիս Մովսեսի Կուկունյան (1863, հունվարի 23 — 1913, նոյեմբերի 26), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Ծնվել է Նիժ գյուղում (այժմ` Ադրբեջանի Կուտակաշենի շրջանում)։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (ավարտել է 1885-ին), Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Օգնել է Կարապետ Եզյանին` «Պետրոս Մեծին հարաբերությունները հայ ազգին հետ» (ռուսերեն, 1898) վավերագրական ժողովածուն կազմելիս։ Արևմտյան Հայաստաննազատագրելու գործին մասնակցելու նպատակով մեկնել է Կովկաս, կազմակերպել 78-հոգանոց զինված ջոկատ։ 1890-ի սեպտեմբերին Կուկունյանի ջոկատը Կարսի մարզից փորձել է անցնել Արևմտյան Հայաստան, սակայն սահմանի մոտ անհավասար մարտի է բռնվել թուրք սահմանապահների հետ, նահանջել ռուսական սահման, որտեղ ձերբակալվել է և հանձնվել իշխանություններին։ Ցարական դատարանը Կուկունյանին դատապարտել է 20 տարվա բանտարկության և աքսորել Սախալին։ 1905-ին ընդհանուր ներմամբ ազատվել է։ 1906-ին վերադարձել է ծննդավայր. 1909-ին մատնությամբ ձերբակալվել է, երեք ամսից ազատվել, 1910-ին նորից ձերբակալվել։ ՀՅԴ-ն կազմակերպել է Կուկունյանի փախուստը Ելիզավետապոլի բանտից, այնուհետև կրկին ձերբակալվել է և դատապարտվել 15 տարվա տաժանակրության։ Մահացել է Օրյոլի բանտում։

Գարեգին Նժդեհ

Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։

Կրթությունը

Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո` Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում էԹիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմիաջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։

Բալկաններ

1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։

Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ուԱնդրանիկ Օզանյանը։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար  Դրոի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի(բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստան

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում էՆախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ 1920 թ-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թ., նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Զանգեզուրը մնալու էր Հայաստանի կողմից: 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան: Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա:

Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942 թ-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան, «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան)։

1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։

Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու համար, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, ՆժդեհինՄոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թ-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։

Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։

1947 թ-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանիազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։

1948-1952 թթ-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանիբանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։

Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955 թ-ի դեկտեմբերի 21-ին։

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։

Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։

Թողնել մեկնաբանություն