➨ Բանաստեղծություններ

Տարիներ հետո
Կանցնեն տարիներ, տարիների հետ
Լուսե հա յացքդ գուցե ծերանա,
Բայց դու իմացիր, որ իմ սրտի մեջ
Քո այդ հայացքը հավերժ կմնա:
Կանցնե ն տարիներ, տարիների հետ
Թախծոտ ժպիտդ գուցե չքանա,
Բայց դու իմացիր, որ հոգուս խորքում
Քո հայացքը ինձ հավերժ կժպտա:
Կանցնեն տ արիներ, տարիների հետ
Քո սև մազերը արծաթով կօծվեն,
Բայց իմ աչքերին մազերդ հավետ
Ջահել օրերիդ փայլը կգցեն:
Կանցնեն տարիներ, տարիների հետ
Շուրթերդ գուցե ինձ չկարոտեն,
Բայց դու իմացիր, որ շուրթերը իմ
ԻՆՁ ու ՔԵԶ համար պիտի աղոթեն:
Կանցնեն տարիներ, ու դարեր կանցնեն,
Աչքերս գուցե էլ քեզ չտեսնեն,
Բայց թույլ տուր գոնե ես այսպես հիշեմ,
Որ քո աչքերը հավերժ ինձ հետ են:
Կանցնեն տարիներ, ու դարեր կանցնեն,
ԴՈՒ էլ չես լինի, չեմ լինի և ԵՍ,
Բայց այս տողերը դեռ երկար կապրեն`
Դարերը ճեղքող քամիների պես:

********

Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:
Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում,
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:
Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ,
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար:
Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի,
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…

********

Քո աչքերիր՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, քո թևերի՛, քո թևերի՛ պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու–չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցա՛ծս` հպարտությո՜ւնս հաղթողի…

********

Թե կուզես՝ լռի՛ր
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ:
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել- իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել-իզո՜ւր…
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

********

Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
“Գժվե՞լ է, ի՜նչ է”:
Իսկ ես էլ կասեմ.
“Այո’, գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել”:
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ:
Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում`
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկիրն է պտտում`
Գժված է անշուշտ…
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չե’ն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
Ե’րգ չեն դառնալու…
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի’ժ լինեի…

********

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

… Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է միայն խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում
Սակայն դու չես գալու
Դու չես կարող Գիտեմ
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :

********

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպես անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրուկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը…

********

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում

Բայց հոգնել եմ արդեն
Եվ Հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչինչ,
Ցավ չեմ զգում անգամ

Այ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

********

Վահան Տերյան

ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

********

Դու ասում ես, թե սառել եմ,

Բոլո՜ր-բոլո՜ր կրակներըս ես վառել եմ
Ու հիմա էլ… մթան մեջ եմ ես խարխափում։
Իսկ ես կասեմ. ես քայլել եմ,
Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ,
Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում։
Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով,
Ո՛չ մի երգով կամ ակնարկով.
Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել,
Երկու հարկով բարձր եմ ապրել,
Ցած եմ իջել երկու հարկով,
Իջել-ելել, սակայն երբեք չեմ խարխափել։
Թե երբևէ խարխափել եմ՝
Խարխափում եմ ես լոկ հիմա,
Թե երբևէ սարսափել եմ՝
Սարսափում եմ ես լոկ հիմա,
Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝
Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս,
Միայն հիմա՛, երբ զգո՛ւմ եմ,
Հասկանո՛ւմ եմ ու սարսափո՜ւմ,
Թե առանց քեզ, իմ կորա՜ծըս,
Այս աշխարհի ինչն է պակաս…

********

Փակեմ աչքերս ու էլ չշնչեմ,
Հուշերիս ծովում հավերժ խորտակվեմ,
Ուր քեզ չհիշեմ ու չտառապեմ,
Մեր սիրո համար պատիժ չկրեմ:
Հոգիս, ես ինչպես իմ սիրտը մաքրեմ,
Քո հանդեպ սերս ինչպես խորտակեմ
Քո թողած ցավը ինչպես մեղմացնեմ,
Ինչպես քեզ նման ուրիշ բախտ գտնեմ,
Ինչպես իմ սրտում այլ աչքեր դաջեմ,
Եվ քո մեղավոր աչքերը ջնջեմ,
Ու իմ աչքերից թախիծը վանեմ:
Թախիծով լեցուն, նայում եմ հեռուն,
Չեմ ուզում ապրել անցյալով անհուն,
Աչքերիս խորքում արցունքն է դողում…
Եվ երկու կաթիլ վայր են գլորվում…
Սիրտս այրում է մի վայրի կարոտ,
Հոգիս խենթի պես վազում է քեզ մոտ…
Կյանքը ինձ համար դարձել է անօդ,
Կյանքը առանց քեզ` հավիտյան թախծոտ

********

Թողնել մեկնաբանություն